Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ. ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ ԽՕՍՔԸ՝

 

Սիրելիներ,

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ողջունում եւ Հայրապետական Մեր օրհնութիւնն ենք բերում Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միութեան Պատգամաւորական 12-րդ Ընդհանուր Ժողովի մասնակիցներիդ։

Մէկ դար շարունակ Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միութիւնը արդիւնաւորում է իր նուիրեալ առաքելութիւնը՝ կրթելով մեր ժողովրդի պատանի եւ երիտասարդ զաւակներին, զօրացնելով նրանց հոգում ազգանուիրումը եւ հայրենասիրութիւնը։

Գոհունակութեամբ ենք անդրադառնում, որ Հ.Մ.Ը.Մ.ը իր հիմնադրման օրերին կարեւոր ծառայութիւն բերեց Հայոց Ցեղասպանութիւնից փրկուած տասնեակ հազարաւոր մանուկներին խնամելու գործում՝ նպաստելով նրանց առողջութեան ամրապնդմանը եւ մասնագիտական կարողութիւնների զարգացմանը։ Այս առաքելութեանց հաւատարիմ՝ անցած հարիւրամեակի ընթացքում Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միութիւնը նորանոր յաջողութիւններ արձանագրեց՝ աշխարհի տարբեր երկրներում հիմնադրուած մասնաճիւղերով իրականացնելով առաւել ընդգրկուն գովարժան սպասաւորութիւն մեր մանուկների, պատանիների ու երիտասարդների համար։

Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միութեան յարգարժան անդամներ եւ պատասխանատուներ, Մենք բարձրօրէն գնահատում եւ մեծապէս կարեւորում ենք մեր նուիրեալ ծառայութիւնը երիտասարդութեան խնամքի գործում։ Երիտասարդները ներկան ու ապագան են մեր ժողովրդի։ Այսօր թէ՛ հայրենիքում, թէ՛ աշխարհասփիւռ մեր համայնքներում տարաբնոյթ մարտահրաւէրներ են ծառացած, որոնց յաղթահարման համար անհրաժեշտ է ազգի զաւակների միասնական ջանքն ու եռանդը։ Հզօր պետութեան, բարգաւաճող ազգի տեսիլքը նորանոր ձեռքբերումներով պայծառ պահողը, նոր ժամանակների հիմնախնդիրների յաղթահարման համարձակ լուծումներ նախաձեռնողը նաեւ մեր երիտասարդներն են, որոնց ճիշդ խնամքը, արդիւնաւոր կրթութիւնը, հայեցի դաստիարակութիւնն ու սատարումը բարիք պիտի լինի մեր պետութեան ու ժողովրդի զօրացման եւ լուսաւոր գալիքի համար։ Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միութեան՝ Հայաստանի եւ Սփիւռքի գործիչներիդ համախմբումը հայրենի մեր երկրում վառ վկայութիւններից է ձեր նախանձախնդրութեան եւ վճռականութեան՝ միասնական ջանքերով նպաստելու մեր ժողովրդի առաջընթաց ու բարօր կեանքին։

Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միութեան համաժողովի յիշարժան առիթով վերստին Մեր օրհնութիւնն ու բարեմաղթանքներն ենք բերում ամէնքիդ եւ Հայրապետական Մեր գնահատանքը յայտնում միութեան պատասխանատուներին՝ ազգանուէր գործունէութեան, նոր սերնդին կրթելու ու դաստիարակելու գովելի ջանքերի համար։

Բարի ընթացք ենք մաղթում Հ.Մ.Ը.Մ.ի նոր ազգօգուտ ծրագրերին ու ձեռնարկումներին։ Ի խորոց սրտի աղօթքով հայցում ենք, որ Ամենակարող Աստուած յաւելի ձեր ուժն ու եռանդը՝ արգասաւորելու նուիրական այս հաստատութեան մէկդարեայ առաքելութիւնը՝ յանուն մեր ազգի եւ հայրենեաց։ Թող Տիրոջ ողորմութեամբ մշտանորոգ յաջողութիւններով բարեզարդուի Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միութեան շնորհակալ գործունէութիւնը, եւ թող Բարձրեալ Տէրը պահի ու պահպանի ձեզ ամէնքիդ Իր Սուրբ Աջի Ամենախնամ հովանու ներքոյ։

Շնորհք Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ ձեզ եւ ընդ ամենեսեան. ամէն։

 

Օրհնութեամբ՝

ԳԱՐԵԳԻՆ Բ.

ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

 

Տարածենք