Հ.Մ.Ը.Մ. ԱՐՑԱԽԸ ՊԱՇՏՕՆԱՊԷՍ ԳՐԱՆՑՈՒԱԾ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միութիւնը (Հ.Մ.Ը.Մ.) մուտք գործեց Արցախի Հանրապետութիւն՝ նպաստելով ազգային ու երիտասարդական արժէքների տարածմանն ու ամրապնդմանը։ Ժամանակի ընթացքում միութեան աշխատանքները կարճ ժամանակով դադարեցին, սակայն 2019 թուականին պաշտօնական Հ.Մ.Ը.Մ.ն նոր թափով վերադարձրեց իր ներկայությունը՝ Արցախում։

Նոր իրողութիւնների պայմաններում՝ Հ.Մ.Ը.Մ.ի Արցախի Մեկուսի վարչութիւնը վերսկսել է իր գործունէութիւնը Հայաստանի Հանրապետութիւնում՝ նպատակ ունենալով համախմբել Հայաստանի տարբեր մարզերում եւ Երեւանում բնակուող արցախցի պատանիներին ու երիտասարդներին։ Կազմակերպութեան հիմնական նպատակներից է ձեւաւորել միասնական գաղափարական հէնք՝ հիմնուած հայրենաճանաչութեան, պայքարի ոգու պահպանման, Արցախեան բարբառի եւ մշակոյթի առանձնայատկութիւնների փոխանցման վրայ։ Այս ամէնի առանցքում շարունակւում է մնալ կարեւորագոյն նպատակը՝ վերադարձ Արցախ։

Վերջերս Հ.Մ.Ը.Մ. Արցախը մեծ յառաջընթաց է գրանցել՝ պաշտօնապէս գրանցուելով որպէս հասարակական կազմակերպութիւն Հայաստանում։ Այս քայլը նոր հնարաւորութիւններ է ստեղծում կառոյցի զարգացման եւ գործունէութեան ընդլայնման համար։

Գրանցման շնորհիւ, արդէն որպէս Արցախի Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միութիւն Հասարակական Կազմակերպութիւնը կարող է առաւել հաստատուն հիմքով գործել Հայաստանում, ընդլայնել իր ծրագրերն ու համագործակցութիւնները՝ յատկապէս Հ.Մ.Ը.Մ.ի Հայաստանի Կենտրոնական Վարչութեան (Հ.Ա.Ս.Կ.) հետ։

Հ.Մ.Ը.Մ.ի Արցախի վարչութեան աշխատանքային ծրագրում առաջնահերթութիւնն է տեղահանուած արցախցի պատանիների հետ աշխատելը, ինչպէս նաեւ պատրաստել աշխատասէր, արի, ազգասէր եւ հայրենասէր, օրինապահ սերունդ։

2.6.2025
Հ.Մ.Ը.Մ.Ի ԱՐՑԱԽԻ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ