1912-Ի ՍԹՈՔՀՈԼՄԻ ԽԱՂԵՐՈՒՄ ՎԱԶՈՐԴ ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶԵԱՆԸ ԳԻՏԱԿՑԱԲԱՐ ՊԱՐՏՈՒԵԼ Է, ՈՐՊԷՍԶԻ ՉԾԱԾԱՆՈՒԻ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴՐՕՇԸ

 

Լրացաւ Հայոց Եղեռնի 105-րդ տարելիցը: Զոհերի թւում եղել են նաեւ բազմաթիւ մարզիկներ, այդ թւում Շաւարշ Քրիսեանը։ Նա համահայկական խաղերի նախագծի, Հ.Մ.Ը.Մ. մարզական միութեան եւ ֆութպոլի լիկայի ստեղծման հեղինակներից մէկն է եղել: Նրա եւ մարզիկներ Մկրտիչ Մկրեանի ու Վահրամ Փափազեանի մասին կարդում ենք ՀԱՕԿ-ի (Հայաստանի Ազգային Ողիմպիական Կոմիտէի- «Մ.») պաշտօնական կայքում։

Քրիսեանը, յիրաւի, հայկական սպորտի ականաւոր գործիչ է, մարզիչ, մարզիկ, հայկական ֆութպոլի «Պալթալիման» առաջին ակումբի հիմնադիրը: Նա եղել է մեծ մանկավարժ, գրող, հրապարակախօս, լրագրող, Օսմանեան կայսրութիւնում մարզական առաջին «Մարմնամարզ» հանդէսի հիմնադիրը:

Հէնց մեծ հայորդու ջանքերով, պատմութեան մէջ առաջին անգամ, Թուրքիան պատուիրակութիւն է գործուղել ողիմպիական խաղեր: Դա 1912 թ. Սթոքհոլմում տեղի ունեցած 5-րդ համաշխարհային մարզահանդէսն էր: Օսմանեան պետութիւնը գումար չի յատկացրել եւ գործուղման հետ կապուած ամբողջ ծախսը իր վրայ է վերցրել հայկական համայնքը:

Շ. Քրիսեանն այն ժամանակ ասել է, որ «դեռ եւս Թուրքիայի ոչ մի ներկայացուցիչ չի մասնակցել մարզական որեւէ միջոցառման: Թող մերոնք Շուէտիայում վերջինը լինեն: Կարեւորն այն է, որ մեծ ազգերի հետ ասպարէզ մտնեն հայերը, ովքեր շուրջ 30 տարի Եւրոպայում յայտնի են որպէս հալածուած ազգ: Ժամանակն է, որ արդէն հակառակն ասեն, եւ որ քաղաքակիրթ աշխարհն իմանայ, ճանաչի մեզ եւ մեր նուաճումները»:

Սթոքհոլմի խաղերին մասնակցած 28 երկրների 2541 մարզիկների թւում եղել են Թուրքիան ներկայացնող երկու մարզիկներ` Մկրտիչ Մկրեանը եւ Վահրամ Փափազեանը: Հետաքրքիր մի փաստ է արձանագրուել։ 1909 թ. Կիլիկիայում թուրքերի կազմակերպած հայերի ջարդի պատճառով շուէտները մասնակից երկրների դրօշների շարքում դիտաւորեալ չեն կախել օսմանցիներինը: Այս մասին չեն իմացել հայ մարզիկները, որոնք բողոքել են ու կազմակերպիչները տեղադրել են Թուրքիայի դրօշը: Մեր հայրենակիցներն այնուհետեւ զղջացել են իրենց արածի համար:

1500 մ. վազքում, 50 մարզիկների պայքարում Մկրեանը ճանաչուել է 5-րդը: Իսկ Փափազեանի մասին ճիշդ կը լինի ներկայացնել հէնց նրա թոռան պատմածը: Պապիկը բազմիցս պատմել է, որ վերջնագծի մատոյցներում ինքը (պոլսահայ Փափազեանը) գրեթէ 20 մեթր առաջ է պոկուած եղել մրցակիցներից ու կարող էր հեշտութեամբ առաջինը հատել եզրագիծը եւ նուաճել չեմպիոնի կոչումը: Բայց գնահատելով այն հանգամանքը, որ իր յաղթանակի առթիւ պէտք է ծածանուի Թուրքիայի դրօշը, ուստի Փափազեանը միանգամից դանդաղեցրել է վազքը ու գիտակցաբար յայտնուել ետնապահների թւում:

Ինչ վերաբերում է Օսմանյան կայսրութիւնում սպորտի մեծ ջատագով Շաւարշ Քրիսեանին, 1915-ի Օգոստոսի 15-ին թուրքերը նրան հանել են բերդից, տարել Անգարայից դուրս ու գնդակահարել: Այսպէս են երախտամոռ օսմանցիները վարձահատոյց եղել 29-ամեայ հայ ականաւոր գործչին:

www.panorama.am/am/news/2020/04/24

Տարածենք