Հ.Մ.Ը.Մ.-Հ.Ա.Ս.Կ.Ի ՈՂՋՈՅՆԻ ԽՕՍՔԸ

 

 

 Յարգելի հիւրեր,

Սիրելի քոյրեր եւ եղբայրներ,

Հ.Մ.Ը.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի Կենտրոնական Վարչութեան անունից ողջունում եմ ձեզ եւ շնորհաւորում մեր կազմակերպութեան հերթական Պատգամաւորական Ժողովի բացման, ինչպէս նաեւ Հ.Մ.Ը.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի մայր հայրենիքում վերահաստատման 30-ամեակի առթիւ։ Վաղուց արդէն աներկբայ իրողութիւն է Հ.Մ.Ը.Մ.ի բացառիկութիւնը հայ ժողովրդի կեանքում, նրա աշխարհասփիւռ զաւակների կրթութեան ու դաստիարակութեան գործում։ Անգնահատելի է այն հայապահպան առաքելութիւնը, որ աւելի քան հարիւր տարի իրականացնում է Հ.Մ.Ը.Մ. Սփիւռքում։ Սա վեհ արժէքների ու դաւանանքի վրայ յենուած մի կուռ կազմակերպութիւն է, որ կամաւոր, յամառ ու անտրտունջ անցաւ բիւր դժուարութիւններով եւ վաստակեց պատիւ ու յարգանք, բերեց սէր ու միութիւն, իր ծոցում տաք պահեց ազատ հայրենիքի երազն ու հայոց սուրբ Եռագոյնը։ Եւ ահա, այսօր 2019 թ.ին մենք հպարտօրէն կարող ենք ասել, որ մենք յաղթել ենք, մեր Եռագոյնը 30 տարի առաջ կոթողել ենք Արարատի հայեացքի ներքոյ եւ Հ.Մ.Ը.Մ.ը երկար տարիների ընդմիջումից յետոյ վերընձիւղել ենք մայր Հայրենիքում։

Թոյլ տուէք ասել, որ Հ.Մ.Ը.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ը անկախ Հայաստանում, անցնելով բազում դժուարութիւնների միջով, այսօր արդէն կայացած կազմակերպութիւն է։ Մեզ յաճախ չհասկացան, չօգնեցին ազգօգուտ առաքելութեան մէջ, նոյնիսկ հետապնդեցին, բայց կոտրել չկարողացան... Խոնարհում ու յարգանք բոլոր նրանց, ովքեր անցնող տարիներին անտրտունջ ու մեծ նուիրումով, ամէնօրեայ տքնաջան աշխատանքով կայացրին Հայաստանում Հ.Մ.Ը.Մ-Հ.Ա.Ս.Կ.ը, հաւատարիմ մնացին սկաուտի իրենց երդմանն ու կազմակերպութեան ոգուն։ Կարծում եմ՝ այսօր, աւելի քան երբեւէ, մենք ուժեղ ենք ու լի վճռականութեամբ, կանգնած նոր մտայղացումների ու ծրագրերի իրագործման շեմին... Վստահ եմ, մօտ ապագայում դրանք նոյնպէս կը դառնան իրականութիւն՝ էլ աւելի ամրացնելով մեր կառոյցն ու աւելացնելով նրա գործելու կարողունակութիւնը։

Միւս կողմէ, մենք կանգնած ենք ժամանակակից աշխարհին յատուկ նոր մարտահրաւէրների առջեւ, որոնք շատ են ու բազմաշերտ, ունեն տարբեր դրսեւորումներ Սփիւռքում ու Հայաստանում, թէեւ քիչ չեն նաեւ ընդհանուր խնդիրներն ու մտահոգութիւնները։ Պիտի փորձենք գտնել ու ճիշդ ձեւակերպել շատ հարցերի պատասխաններ, վերհանել ու վերլուծել մեր հասարակութեան ու յատկապէս երիտասարդութեան առջեւ ծառացած խնդիրները, տեսնել դրանց խորքն ու մշակել նոր, մեթոդապէս հարուստ ծրագրեր, լուծման յստակ ուղիներ։

Ուրախ եմ, որ կրկին միասին ենք, հրաշալի է, որ 2003 թ.ից ի վեր Հ.Մ.Ը.Մ.ի Պատգամաւորական ժողովները գումարւում են հայրենիքում ու ամէն անգամ արդիւնաւորւում ազգօգուտ նոր որոշումներով ու ձեռքբերումներով։ Մաղթում եմ մեր ժողովին արդիւնաւէտ աշխատանք, կրկին ասում՝ բարով էք եկել ու կրկին շնորհաւորում բոլորիս մեր կազմակերպութեան համար կարեւոր այս յոբելենական պատմական հանգրուանի համար։

 

Տարածենք