ՍԿԱՈՒՏՈՒԹԻՒՆԸ ՄԵՐ ԱՊՐԱԾ ԿԵԱՆՔԻ ՓՈՔՐԻԿ ԱՇԽԱՐՀՆ Է

 

 Արցախի նորակերտ պատմութեան նուիրական էջերից մէկը Ստեփանակերտում բացուած Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միութեան մասնաճիւղն է:

‹‹Ապառաժ››ը Հ.Մ.Ը.Մ.ի Արցախի մեկուսի մասնաճիւղի գործունէութեան եւ ծրագրերի մասին զրուցել է մասնաճիւղի ատենապետ Վրէժ Էսմէրեանի հետ: Զրոյցը վարել է Յասմիկ Յակոբեանը։

Վրէժ Էսմէրեանը ներկայացրել է, որ Հ.Մ.Ը.Մ.ն  ունի 111 մասնաճիւղ աշխարհի չորս կողմերում գտնուող 25 երկրներում: Արցախի մասնաճիւղը սկաուտական կառոյց է, որի վարչութիւնն ունի 7 անդամ եւ 40 սկաուտ:

Ատենապետի խօսքով՝ Հ.Մ.Ը.Մ.ի Կենտրոնական Վարչութիւնից խմբապետներ են գործուղւում Արցախ, ովքեր մարզում եւ գիտելիքներ են հաղորդում մեր սկաուտներին: Նա ասել է, որ շատ անելիքներ ունեն Հ.Մ.Ը.Մ.ի բնագաւառում: Ըստ նրա՝ հեռանկարային աշխատանքները շատ մեծ են, իսկ դրանցից սպասուող ակնկալիքներն՝ աւելի մեծ: 

‹‹Մենք Արցախում պրոֆեսիոնալ ակումբ չենք, բայց կարեւորում ենք մեր երիտասարդների՝ տարբեր մարզաձեւերի, փողային երաժշտութեան, շքերթներ կազմակերպելու պատրաստութիւնը, արժեւորում հայոց մշակոյթը՝ նրանց դարձնելով հոգով եւ մարմնով  բարձր սկաուտներ››, ասել է նա:

Ատենապետը նշել է, որ Արցախի երիտասարդների համախմբումը Հ.Մ.Ը.Մ.ի սկաուտական շարքերում հայոց աշխարհի Արցախ շրջանում բոլորի մեծ երազանքի իրականացումն է, որի համար ջանք եւ ուժ չեն խնայում նորակազմ վարչութեան անդամները:

Վրէժ Էսմէրեանի խօսքով՝ մասնաճիւղի գրասենեակի համար տարածք են յատկացրել եւ արդէն ունեն նոր կառոյցի նախագիծ: Ըստ նրա՝ աշխատանքներ են տարւում հասարակական կազմակերպութիւնը օրինական դարձնելու ուղղութեամբ:

Հ.Մ.Ը.Մ.ի գրասենեակի համար նախատեսուած եռայարկ շէնքի 3-րդ յարկը նախատեսել են հիւրերին հիւրընկալելու նպատակով մոթելի համար: Գրասենեակի տարածքում կը լինեն ֆութպոլի եւ պասքեթպոլի դաշտեր:

Հ.Մ.Ը.Մ.ի ատենապետը կիսուել է վերջերս Երեւանում տեղի ունեցած Միութեան 12-րդ Պատգամաւորական Ընդհանուր Ժողովի տպաւորութիւններով: Նրա խօսքով՝ որոշուել է Հ.Մ.Ը.Մ.ի գալիք քառամեայ ծրագրի որոշ աշխատանքները իրագործել Արցախում՝ Արցախի մասնաճիւղը զարգացնելու եւ յարատեւելու նպատակով:

‹‹Ուրախութիւնից յուզուել եւ անթաքոյց հպարտութիւն ենք ապրել բոլորս, երբ յոտնկայս ծափողջոյններով Արցախի մասնաճիւղի ատենապետին հանդիսաւոր հրաւիրեցին: Շատ ջերմ են ընդունել մեզ››,- յաւելել է նա:

Վրէժ Էսմէրեանը նշել է, որ Պատգամաւորական Ընդհանուր Ժողով լինելու հանգամանքը չի խանգարել իւրաքանչիւրին իր ելոյթում անդրադառնալ Հ.Մ.Ը.Մ.ի՝ Արցախում գործունէութիւն ծաւալելու եւ զօրացնելու խնդիրներին:

‹‹Երբ Արցախի երիտասարդութիւնը գիտակցի, թէ ի՞նչ ասել է սկաուտութիւն, կը սովորի սիրել եւ կը ցանկանայ կապուել սկաուտութեանը: Արցախի ազատագրական պայքարի ժամանակ ողջ հայութիւնը թեւ-թիկունք  է կանգնել Արցախին, այսօր էլ Հ.Մ.Ը.Մ.ի ողջ ընտանիքը Սփիւռքում, Մայր Հայաստանում միաւորուել է Արցախին՝ մասնաճիւղը զարգացնելու պատրաստակամութեամբ, որը յարատեւելու հեռանկարներ ունի››,- յաւելել է նա:

‹‹Սկաուտութիւնը մեր ապրած կեանքի փոքրիկ աշխարհն է՝ աւելի փափուկ եւ մեղմ»,- յաւելել է նա:

 

 

Տարածենք